Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

ՖԵՐԳԱՆԱՅԻ ՀՈՎՏԻ ԳՈՐԾՈՆԸ

ՖԵՐԳԱՆԱՅԻ ՀՈՎՏԻ ԳՈՐԾՈՆԸ
06.11.2009 | 00:00

Եթե Աֆղանստանն ընկալվում է իբրև միջազգային ահաբեկչության աղբյուր, Չեչնիան ու Տաջիկստանը` տարածաշրջանային ահաբեկիչների բազաներ, ապա Ֆերգանայի հովիտը դիտարկվում է որպես Կենտրոնական Ասիայում տարածաշրջանային ծայրահեղականության արմատավորման պարարտ հող։ Պատմականորեն Ֆերգանայի հովիտն ամբողջական տարածաշրջան է և այդպիսին էր մինչև 1870-ական թվականները` Կոկանդի խանության գոյության շրջանում, ինչպես նաև մինչև 1924 թվականը, երբ Թուրքեստանի տարածքում Ֆերգանան առանձին շրջան էր։
Հետագայում արդեն հովիտը խորհրդային իշխանությունը բաժանեց ՈՒզբեկստանի, Տաջիկստանի ու Ղրղզստանի միջև։ Նոր սահմանները գծվեցին խիստ խճողված, թողնելով ՈՒզբեկստանի և Ղրղզստանի բնակիչների առանձին անկլավներ, ինչի հետևանքով զգալի թիվ կազմեցին ՈՒզբեկստանի կազմում հայտնված ղրղզները։ Սակայն խորհրդային ժամանակներում այսպիսի բաժանումը հատուկ նշանակություն չուներ, բոլոր հանրապետությունները միասնական խորհրդային կայսրության մասն էին։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ֆերգանայի հովտում ստեղծված պետական տարածքային բաժանումը դարձավ ազգամիջյան հակասության կարևորագույն գործոն։ Լարվածության մեծացման մեջ կարևոր դեր ունի նաև տարածաշրջանի գերբնակեցվածությունը, հատկապես Ֆերգանայի հովտի առանձին հատվածներում։ Կենտրոնական Ասիայի այս խոշորագույն օազիսը բնութագրվել է աշխատանքի ինտենսիֆիկացման ոչ բարձր մակարդակով և ԽՍՀՄ տնտեսական համալիրից անջատված վիճակում չէր կարող ապահովել հինգ միլիոն բնակչության գոյությունը։
1970-ականների ժողովրդագրական պայթյունը Ֆերգանայի հովիտը վերածել էր հակամարտության գոտու, որը գերբնակեցված էր, աղքատ, չուներ ջրի ու պիտանի հողերի անհրաժեշտ ռեզերվներ, բարձր էր գործազրկության մակարդակը։ Ֆերգանայում մինչ այժմ տեղի է ունեցել ազգամիջյան երկու խոշոր բախում. արյունալի բախումն ուզբեկների և թուրք-մեսխեթցիների միջև 1989-ին և ղրղզների ու ուզբեկների միջև` 1990-ին։ Խորհրդային զորքերը կարողացան ճնշել անկարգությունները, բայց պատճառները մնացին։ Վարկածներից մեկի համաձայն, թուրք-մեսխեթցիների կոտորածը Ֆերգանայում կազմակերպել էին Թուրքիայի հատուկ ծառայությունները և նպատակ ունեին այդ էթնիկական խումբը վերադարձնել Վրաստան։ Դա իրավիճակային նշանակություն ուներ` ղարաբաղյան իրադարձությունների հետ զուգահեռվելու առումով, սակայն ուներ նաև սկզբունքային ռազմավարական նպատակ, քանի որ կարող էր վերածվել թուրքական ազդեցության գործոնի Վրաստանի վրա և, առհասարակ, Կովկասում։ Ըստ մեկ այլ վարկածի, դա հետևանք էր ՈՒզբեկստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնի համար մղվող պայքարի, որն առկա էր Սամարղանդի ու Ֆերգանայի մարզկոմների առաջին քարտուղարների միջև։ Ֆերգանայի կլանի վարկաբեկման արդյունքում ՈՒզբեկստանի ղեկավար դարձավ նրա ներկայիս նախագահ Իսլամ Քարիմովը։
Եթե տնտեսական զարգացման առումով Ֆերգանայի հովիտը զգալիորեն հետ է մնում Կենտրոնասիական տարածաշրջանի այլ հատվածներից, ապա այն առաջատար է կրոնական վերածննդի հարթության մեջ։ Այն բանից հետո, երբ կրկին թույլատրվեց խղճի ու դավանանքի ազատությունը, Ֆերգանայի հովտում հաստատվեցին տարբեր իսլամական շարժումներ և կուսակցություններ։ 1991-ի դեկտեմբերին այդ կազմակերպությունների անդամները խոշոր ցույց կազմակերպեցին Նամանգան քաղաքում և գրավեցին կոմունիստական կուսակցության մարզկոմի շենքը` նպատակ ունենալով այնտեղ հիմնելու իսլամական կենտրոն։ Բողոքական այս շարժումը վերածվեց Նամանգանում իսլամական ինքնավարության հաստատման համար պայքարի, որը գլխավորեցին Նամանգանի վահաբական կողմնորոշմամբ մզկիթների իմամները և Բուխարայի տեխնոլոգիական ինստիտուտի նախկին ուսանող, 24-ամյա Թահիր Յուդաշևը` ՈՒզբեկստանի իսլամական շարժման ապագա առաջնորդը։ Երբ Իսլամ Քարիմովը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելեց Նամանգան, տեղի պաշտոնական իսլամական շրջանակներն իրենց աջակցությունը հայտնեցին նրան, ինչը լուրջ դժգոհություն առաջացրեց հասարակ բնակչության շրջանում։ Դրան հետևեց ռեպրեսիաների առաջին ալիքը, բողոքական շարժման առաջնորդները ձերբակալվեցին։ Այն ժամանակից ի վեր ՈՒզբեկստանի ղեկավարությունը Ֆերգանային վերաբերվում է կասկածամտությամբ և համարում, որ այնտեղ շարունակում են զարգանալ իսլամական ֆանատիզմն ու ծայրահեղականությունը։ 1998-ի հունվարից մինչև մարտ ամիսը շուրջ 1000 մարդ ձերբակալվեց այն բանից հետո, երբ Նամանգանում բարբարոսաբար մի միլիցիոներ սպանվեց, որին գլխատեցին։ Կառավարությունը որոշեց, որ բարբարոսական չարագործությունը կատարվել է իսլամական ծայրահեղականների պատվերով։
1998-ի մարտին «Հյումեն Ռայթ ՈՒոտչ» միջազգային իրավապաշտպան կազմակերպության իրականացրած հետաքննությունը պարզեց, որ ռեպրեսիաների ընթացքում իշխանությունները, ամենից առաջ իրավապահ մարմինները, մարդու իրավունքների լուրջ խախտումներ են թույլ տվել։ Սկսած անօրինական ձերբակալություններից, վերջացրած ապացույցների կեղծումով` ձերբակալվածների մոտ զենք ու թմրանյութեր «գցելով»։ Խախտվել էր նաև դավանանքի ազատությունը. հավատացյալ մահմեդականներին ստիպել էին սափրել մորուքները, իսկ անհնազանդներին հեռացրել էին ուսումնական հաստատություններից։ Մի քանի տարի անց Տաշքենդում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունները ռեպրեսիաների նոր ալիքի պատճառ դարձան։ Չնայած այն հանգամանքին, որ Իսլամ Քարիմովը միշտ պնդում է, որ քաղաքականություն այստեղ չկա, սակայն հենց ինքն էլ հայտարարում է, որ ամբողջ քաղաքականությունն անվտանգության ապահովմանն է ուղղված։ Իրականում խոսքն իշխանության անվտանգության մասին է, որովհետև բռնաճնշումների քաղաքականությունը մի կողմից` օգնում է իշխանություններին` վախեցնել մարդկանց և վերահսկել իրավիճակը, բայց հենց այդ քաղաքականությունն էլ կարող է նրանց հասցնել անհուսության ու վերածել ծայրահեղականների, ովքեր կանգնել են իշխանության հետ անզիջում պայքարի դիրքերում։
Փորձագետները ստեղծված անհույս իրավիճակից իբրև միակ ելք են մատնանշում Ֆերգանայի հովտի համաչափ զարգացումը։ Սակայն հովիտն այժմ ավելի շատ հատուկ ծառայությունների, քան գործարարների ու տնտեսական պլանավորման մասնագետների ուշադրության առարկան է։ Հովիտը միմյանց միջև բաժանած պետությունները, անվտանգության ապահովման ձգտումներից ելնելով, ամրապնդում են սահմաններն ու խստացնում վիզային ռեժիմը։ Այս միջոցառումներն ավելի են սահմանափակում բնակչության ապրուստ հայթայթելու հնարավորությունները, և ժամանակին Բատքենում ստեղծված ճգնաժամը ցույց տվեց, որ ուժ է ձևավորվել, և այդ ուժն ուղղակի հակադրության մեջ է մտել Իսլամ Քարիմովի ռեժիմի հետ` օգտագործելով պարտիզանական պատերազմի մարտավարությունը։ Զինյալները բազավորվել են Տաջիկստանի և Աֆղանստանի լեռներում և օժանդակություն են ստանում որոշ իսլամական կազմակերպություններից։ Տաշքենդյան պայթյուններին հետևած դատավարությունը ցույց տվեց, որ վատ քողարկված քաղաքական խաղեր են ընթանում, և ՈՒզբեկստանի կառավարությունը, «կրոնական ծայրահեղականների» վրա մեղքը բարդելով, չափազանցում է իսլամական սպառնալիքը։ Ռեպրեսիաները Ֆերգանայի հովտում ևս մեկ վկայությունն են այն իրողության, որ «կրոնական ծայրահեղականության» դեմ պայքարը ծառայում է որպես քող` ընդդիմությունն արմատախիլ անելու համար։
Բացի Թուրքմենստանից, մյուս կենտրոնասիական երկրները մտահոգ են այս իրավիճակով և մտավախություն ունեն, որ այս հակամարտությունը կտեղափոխվի իրենց սահմաններից ներս, ինչպես դա տեղի ունեցավ Ղրղզստանի հարավում։ Ռուսաստանը և ԱՄՆ-ն առայժմ ակտիվ մասնակցություն չունեն Կենտրոնական Ասիայի պետություններում հակաահաբեկչական գործունեության մեջ, ավելի շուտ այդ մասնակցությունն օգտագործում են իրենց նպատակներին հասնելու համար։ Ռուսաստանը ցանկանում է վերականգնել ԽՍՀՄ փլուզման արդյունքում կորցրած իր ազդեցությունը և շահագրգռված է կենտրոնասիական պետությունների միասնական ճակատի ձևավորմամբ` ընդդեմ բոլոր իսլամական ծայրահեղականների ողջ հետխորհրդային տարածքում։ ԱՄՆ-ն ունի իր տնտեսական ու ռազմավարական շահերը, տարածաշրջանում գազի և նավթի արդյունահանմամբ զբաղվող ամերիկյան ընկերությունների առկայությունն ամերիկյան արտաքին քաղաքականության օրակարգի հարց է դարձրել տարածաշրջանում կայունության ապահովումը։ Կենտրոնական Ասիայի գեոռազմավարական դիրքը Ռուսաստանի, Չինաստանի և Մերձավոր Արևելքի միջև նույնպես ստիպում է ամերիկյան քաղաքագետներին` լրջորեն զբաղվելու տարածաշրջանի իրադարձություններով։ Եթե իրավիճակը Ֆերգանայի հովտում շարունակի սրվել, իսկ ներկա դինամիկան ցույց է տալիս լարվածության աճ, ապա այն կարող է վերածվել «կրոնական ծայրահեղականության ջերմոցի», և դրանում մեղավոր կլինեն կառավարությունները։ Տաշքենդի պայթյունների և Բատքենի իրադարձություններից հետո թվում էր, թե «իսլամական սպառնալիքը» Կենտրոնական Ասիայում վերջապես նյութականացել է։ Սակայն ավելի մանրամասն վերլուծությունը ցույց է տալիս, որ սպառնալիքն ունի որոշակիորեն առասպելականացված բնույթ, և դրա շուրջ ընթանում է քաղաքական խաղ։ Հիմնախնդիրն ունի մի քանի մակարդակ, շատ են թաքնված ու բացահայտ պրոբլեմները։ Դրանցից է նաև այն հարցը, թե որքանով կրոնական ծայրահեղականությունը Կենտրոնական Ասիայում կդառնա իրական, իշխանության նվաճման ձգտող ուժ։
ՈՒզբեկստանի իսլամական շարժումից բացի, այդ երկրում մեծ ազդեցություն ունի «Հիզբ ուտ-Թահրիր» շարժումը կամ կուսակցությունը, որը վահաբական, իսկ ավելի շատ սալաֆիստական տիպի ներմուծված իսլամական կազմակերպություն է։ Այն ստեղծվել է Սաուդյան Արաբիայի մասնակցությամբ, և նրա գործունեության լուսաբանումն ՈՒզբեկստանում ինքնին կարևոր է, բայց, մասնավորապես, էական` ՈՒզբեկստանում կառավարող ռեժիմի մտադրությունների պարզաբանման տեսանկյունից։ «Հիզբ ուտ-Թահրիրը», ինչպես գրեթե բոլոր ներմուծված իսլամական կազմակերպությունները, կոչված է դառնալու համաշխարհային իսլամական կայսրության ստեղծման գաղափարն առաջ մղող ուժ, և այդ կայսրության կենտրոնը ենթադրվում է հիմնել Սաուդյան Արաբիայում։ Կան տեղեկություններ, որ «Հիզբ ուտ-Թահրիրը» հակադրվում է ՈՒզբեկստանի իսլամական շարժմանը, հատկապես այն բանից հետո, երբ վերջինիս առաջնորդները հայտարարեցին, թե առնչություն չունեն վահաբիզմի հետ, ինչը, անկասկած, կազմակերպել էր Իրանը։ «Հիզբ ուտ-Թահրիրի» առաջնորդները բացահայտ քարոզչություն են սկսել ընդդեմ ՈՒզբեկստանի իսլամական շարժման, ինչն այսօր միգուցե սկզբունքային բնույթ չունի, բայց ապացույցն է այն բանի, որ այդ շարժումը, այնուամենայնիվ, ազգային-իսլամական բնույթ ունի և պատրաստ է համագործակցելու իշխանությունների հետ ուզբեկների ազգային շահերի պաշտպանության հիմքի վրա։ Այն հանգամանքը, որ Իսլամ Քարիմովի հայտարարություններում կան համագործակցության առաջարկներ` ուղղված ՈՒզբեկստանի իսլամական շարժմանը, բայց ոչ մյուս կազմակերպություններին, հետաքրքրական է։ Կարելի է ենթադրել, որ կառավարող ռեժիմը նաև երկու առաջատար իսլամական կազմակերպությունների միջև մրցակցության նախաձեռնողն է և կարող է պայմանավորվածություններ կնքել ՈՒզբեկստանի իսլամական շարժման հետ` ընդդեմ մյուսների։
«Հիզբ ուտ-Թահրիրում» ընդգրկված իսլամիստները չեն թաքցնում իրենց մտադրությունները, և իսլամական հեղափոխության գաղափարախոսներից Ջալալեդդին ալ-Ֆարսին բացահայտ խոստովանում է. «Մենք իսլամական հեղափոխություն իրագործեցինք Իրանում և մեր խնդիրն ենք համարում նրա վերածումը համաշխարհային իսլամական հեղափոխության։ Իսկ դրա համար անհրաժեշտ է իսլամական հեղափոխության իրագործում ամբողջ սուննիական Աֆղանստանում։ Աֆղանստանից հետո կսկսվի իրական համաշխարհային իսլամական հեղափոխությունը, որն ավելի հզոր կլինի, քան ֆրանսիականն ու բոլոր մնացածները։ Մենք երրորդ իսլամական հեղափոխությունը կկատարենք Միջին Ասիայում»։ Հարկ է նշել, որ տեղի հասարակության մեջ էլ նկատվում են սոցիալ-մշակութային արխաիզմին վերադառնալու միտումներ ամենօրյա կյանքում ու մտածողության մեջ, ինչն անհամարժեք է ժամանակակից իրականությանը։ Մինչդեռ հենց տարերային ու անվերադարձ տեղաշարժը դեպի նախկին արժեքները, ավանդույթներն ու կենսաձևը, պայմանավորեցին բնակչության որոշ խավերի մեջ ծայրահեղական և ոչ ավանդական իսլամական գաղափարների արմատավորումը, ինչպիսին էր նույն «Հիզբ ուտ-Թահրիրի» կողմից ազդեցության ձեռքբերումը։ Իսլամիստների ակտիվությունը լուրջ վտանգ է հասարակության համար և արտահայտված է երիտասարդության հետ իրականացվող նրանց աշխատանքներում։ «Հիզբ ուտ-Թահրիր» կուսակցությունը կամ շարժումը, որ արաբերենից թարգմանաբար նշանակում է ազատագրության կուսակցություն, հակված է երիտասարդների հավաքագրելու հատկապես մտավորականության, գիտաշխատողների և ուսանողների շրջանակից։ Որովհետև երիտասարդությունը դժվարությամբ է տանում անցումային շրջանի բարդությունները, նրան բնորոշ են բարձր զգացմունքայնությունը, ինչպես նաև սոցիալական ու քաղաքական ապատիան։ Սակայն ծայրահեղականների համար առավել գրավիչ է երիտասարդության քաղաքական ու բարոյական սկզբունքներից զուրկ հատվածը, ուր առավելապես արտահայտված է ինքնօրինակ սոցիալական ու քաղաքական մանկուրտիզմը, ազգային-մշակութային խորքային պլաստներից նրա կտրվածությունը։
«Հիզբ ուտ-Թահրիր» կուսակցությունը 20-րդ դարի 50-ական թվականներին ստեղծել է աստվածաբան Թաքյուդին Ալ-Նաբխանը, որը ծագումով պաղեստինցի է։ Կուսակցության գրականությունն ՈՒզբեկստան ներթափանցեց դեռևս 1980-ականներին և անկախության ձեռքբերման առաջին տարիներից սկսած շարունակաբար ավելանում է։ Այն թարգմանված է ուզբեկերեն և ռուսերեն, երկրում տարածվում է գաղտնի` թռուցիկների հետ։ Այդ գրականության բովանդակությունը, ավանդական իսլամի հոգևոր ներկայացուցիչների բնորոշմամբ, ծանր տպավորություն է թողնում։ «Հիզբ ուտ-Թահրիրի» գաղափարախոսությունը բացահայտված է նրա հիմնադրի մոտեցումներում, որը գրում է. «Իսլամում ենթադրվում է, որ հասարակության հիմքը դոկտրին է, որի մեջ ներառված են մտքերը, տրամաբանությունները, կարծիքները և այդ դոկտրինից բխող համակարգը։ Իսլամական հասարակությունը ծնունդ է առնում այն ժամանակ, երբ իսլամական մտածողությունն ու տրամադրությունները սկսում են գերակշռել, իսկ մարդկանց մեջ տարածվում է իսլամական կենսաձևը, այսինքն` հասարակական կյանքի կազմակերպման իսլամական համակարգը»։ «Հիզբ ուտ-Թահրիրը» կոչ է անում վերացնել բոլոր ֆիզիկական խոչընդոտներն այդ ճանապարհին և օգտագործել ուժի միջոցով ճնշման գործադրումը։ Ընդ որում, խնդիր է դրվում ձևավորելու իսլամական պետություն, որն արդեն պետք է զբաղվի իսլամի տարածմամբ ամբողջ աշխարհում։
Ընդհատակում գործող «Հիզբ ուտ-Թահրիրի» առաջին բջիջներն ՈՒզբեկստանում հայտնվեցին 1992-ին, և դրանց բովանդակությունից դատելով` կազմակերպությունը կոչ է անում սրբազան պատերազմի բոլոր անհավատների դեմ, արևմտյան պետությունների, ինչպես նաև արևմտամետ արաբական կառավարությունների ոչնչացման։ Ներկայումս ՈՒզբեկստանի կառավարող ռեժիմը հարկադրված է հաշվի առնել տարածաշրջանում ստեղծված իրական վիճակը և զիջումների գնալ Ռուսաստանի, միգուցե նաև Չինաստանի, Իրանի հետ հարաբերություններում։ ՈՒզբեկստանը պատրաստ է համագործակցելու Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հետ` «Թալիբան» շարժման հնարավոր ագրեսիան հետ մղելու հարցում։ Սակայն ՈՒզբեկստանի իսլամական շարժումից բխող վտանգների վերաբերյալ երկրի ղեկավարությունը պնդում է, թե գլուխ կհանի սեփական ուժերով։ Հավանական է, որ ՈՒզբեկստանն ունի Կենտրոնասիական տարածաշրջանում էքսպանսիայի իրագործման արտաքին քաղաքական դոկտրին, և այն ենթադրում է հակազդել ոչ միայն Ռուսաստանին, այլև Թուրքիային, Իրանին, Չինաստանին։ Սպասվող ռուս-ամերիկյան համագործակցությունը տարածաշրջանում ՈՒզբեկստանի համար կարող է լինել միաժամանակ ընդունելի և անընդունելի, պայմանավորված նրանով, թե ինչպիսին կլինեն այդ համագործակցության ձևաչափն ու նպատակները։ ՈՒզբեկական կառավարող ռեժիմն օգտագործում է ՈՒզբեկստանի իսլամական շարժման գործունեությունն իր դիրքերն ամրապնդելու, ընդդիմությանը ճնշելու և տարածաշրջանի այլ պետություններին վերահսկելու համար։ Հնարավոր է, որ ՈՒզբեկստանի իսլամական շարժմանը վերապահված է «կայսրության ձևավորման» դերակատարությունը։ Այսինքն, միավորել կենտրոնասիական ազգերին Տաշքենդի ենթակայության ներքո։ Ֆերգանայի հովիտը կարող է դառնալ լիբերալ իսլամական ռեժիմ ունեցող էթնոքաղաքական պետության ապագա մոդելը։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 3403

Մեկնաբանություններ